Search
Close this search box.

Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում. էտելու փոխարեն գլխատել են

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարիեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցած ծառահատումների թեմային ու կցել լուսանկարներ:

«Վանդալիզմի հերթական դրսևորումը Վանաձորում: Այս ծառերը ոչ թե էտել են, այլ գլխատել: Այս հատվածը Բանակի փողոցն է, Սայաթ-Նովայի զբոսայգու հարևանությամբ: Ոճրագործությունը կատարել են գիշերը և ականատես քաղաքացիների վկայությամբ ծառերի ապանդը մասնավոր անձինքն են կատարել, ամենայն հավանականությամբ, կողքի պահեստի տերերը: Վանաձորի քաղաքապետ պարոն Ասլանյան, ձեր ֆեյսբուքյան կարգավորումները փոխել եք, որպեսզի ձեզ չպիտակենք, այնուամենայնիվ, կարծում եմ կկարդաք գրառումս և կփորձեք պարզաբանում տալ:

Դիմում եմ իրավապահ մարմիններին, ավագանու բոլոր խմբակցություններին, ԱԺ պատգամավորներին և ակնկալում հրապարակային պարզաբանում: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար»,- գրել է նա:
Հեղինակի գրառումը քննարկումների թեմա է դարձել վանաձորցիների շրջանում, ինչին ի պատասխան, մեկնաբանություն է թողել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Երբ որ տարրական էթիկայի նորմերի պահպանմամբ առողջ քննարկումներ կկարողանաք ծավալել, մեծ սիրով կմասնակցեմ քննարկումների, իսկ էստեղ ահագին «մասնագետներ» են ի հայտ եկել, ուստի իմ պարզաբանումներն արդեն իսկ ավելորդ են։ Խնդիրն իրավապահների տիրույթում է, բոլոր հարցերով դիմեք իրավապահներին»։