Search
Close this search box.

Դատախազն այցելել է հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին

Դեռեւս երկու օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազն այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին, լսել է նրան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ենթարկել հարցման, տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ժամանակ կալանավորը նոր հանգամանքներ չի ներկայացրել: Դժգոհություն է հայտնել համապատասխան քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ՝ նշելով, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին: Նրան պատշաճ կերպով, բանավոր բացատրվել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների համակցության հիման վրա, իսկ անձի մեղավորության կամ անմեղության որոշումը դատարանի բացառիկ իրավասության շրջանակներում է:

Նույն օրը Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ստուգվել է նաեւ նրա առողջական վիճակը, կազմվել է համապատասխան տեղեկանք:

Ավելին, այսօր՝ մարտի 7-ին, Արկադի Պապյանին է այցելել նաեւ համապատասխան քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: Վերջինը լսել է նրա մտահոգությունները, եւս մեկ անգամ նրան ներկայացրել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ դրա փաստական հիմքի էությունը, ինչպես նաեւ պարզաբանել է դատավարական բողոքարկման եւ միջնորդություններ ներկայացնելու հետ կապված իրավունքներն ու մեխանիզմները: