Search
Close this search box.

Թալանել են Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանի առանձնատունը

Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։

Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։

Ոստիկանություն դիմած Փալիկյանն աշխատում է ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության արդյունաբերության վարչության պետի տեղակալ, իսկ Գ. Ղարիբջանյանը, ով նրա կնոջ հայրն է, աշխատում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ որպես ՀՀ դեսպան։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։