Search
Close this search box.

Ցեխաջուր կանգառում. մարդիկ չեն կարողանում մոտենալ տրանսպորտին. «Երկիր ծիրանի» դիմում-բողոքը

«Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին եւ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, որտեղ իր բողոքն է հայտնում Շենգավիթ վարչական շրջանում կանգառներից մեկի վիճակի վերաբերյալ.

Դիմում-բողոքում ասվում է.«2018 թվականի մարտի 2-ին, թեեւ հորդ անձրեւ կարծես չի եկել մեր մայրաքաղաքում, սակայն երեկոյան ականատեսը դարձա քաղաքային իշխանության կողմից մեր քաղաքացիների հանդեպ բացարձակ անտարբերության եւս մեկ դրսեւորման. Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ հրապարակի բավականին մարդաշատ հատվածում գտնվող կանգառում քաղաքացիները հնարավորություն չունեին կանգնելու կամ նստելու: Խնդիրը հետեւյալն է. կանգառի դիմացի ասֆալտն ամբողջովին ծածկված է բավականին խորը եւ լայն տարածք զբաղեցրած ցեխաջրով, որի վրայից անգամ ցատկելով հնարավոր չէ հասնել միկրոավտոբուսին կամ ավտոբուսին:

Երթեւեկությունն այս հատվածում օրվա բոլոր ժամերին գերծանրաբեռնված է, սակայն մարդիկ այլ հնարավորություն չունենալով, ստիպված վտանգում են իրենց կյանքը` կանգնում եւ փոխադրամիջոցի են սպասում փողոցի երթեւեկելի գոտում:

Անընդունելի փաստ է, երբ համապատասխան պատկան մարմինները` վարչական շրջանի ղեկավարը, ում աշխատավայրն այնքան էլ հեռու չէ նշված կանգառից, ձեւացնում է, թե անտեղյակ է այս իրողությունից: Ինչու եմ ասում` ձեւացնում է, որովհետեւ մարդիկ նշեցին, որ տարբեր տարիներին մի քանի անգամ դիմել են եւ՛ վարչական շրջանի ղեկավարին, եւ՛’ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող անձին, սակայն ստացել են միշտ նույն պատասխանը` համայնքային բյուջեն համապատասխան գումար չունի:

Մինչդեռ մեր համայնքային բյուջեից շուրջ կես միլիոն դոլար փետրվարի 13-ի Երեւանի ավագանու նիստի ժամանակ հատկացվեց Մոսկովյան փողոցի բարեկարգ հատվածի իբրեւ թե վերանորոգման համար:Պահանջում եմ լինել բարեխիղճ ստանձնած պարտականությունների հանդեպ եւ խնդիրները լուծել ըստ առաջնահերթության եւ անգործություն ցուցաբերած պաշտոնյաներին անհապաղ կանչել պատասխանատվության: