Search
Close this search box.

«Մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել». Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը պատրաստվում է հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում շատ «ալերգիկ» վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված:

«Բայց մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը»,–ասաց Փաշինյանը:

Աշխատանքային գործընթացում սահմանազատման հարցերով հանձնաժողովները պետք է սեղանին դնեն փաստաթղթերը:
«Երբ մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա»,–նշեց վարչապետը: