Search
Close this search box.

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«Ազատության» տեղեկություններով՝ Սարգիս Գալստյանը Հայաստան է մուտք գործել ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Նա և կինը Արցախից Հայաստան են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեկտեմբերին լրատվամիջոցի հետ զրույցում նաև պնդել էր՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած իր հորեղբայրը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: