Search
Close this search box.

Երթևեկելու ընթացքում ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով

Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայությունը 2023 թվականին արձանագրել է տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք, որն, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի, մտահոգիչ ցուցանիշ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են:

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ Արման Չիլինգարյանի՝ ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի և վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, ապա իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր: