Search
Close this search box.

Խորհրդային քարտեզները հետ բերելուց, չմոռանաք հետ բերել տասնյակ հազարավոր կյանքերն ու խեղված ճակատագրերը

Ըստ 1958թ խորհրդային հանրագիտարանի, ՀԽՍՀ տարածքը կազմում էր 29.8 հազ. կմ²:
Խորհրդային Միության փլուզման պահին ՀԽՍՀ տարածքն անփոփոխ մնաց` 29.8 հազ. կմ²:

Անհասկանալի տրամաբանությամբ, ժամանակակից վիքիպեդիայում Հայաստանի տարածքը դարձավ 29.743 հազ. կմ²:
Փաշինյան Նիկոլը ստում է, երբ հղում կատարելով ՀԽՍՀ տարածքին, նշում է 29.743 հազ. կմ² թիվը:
Փաշինյան Նիկոլը ստում է նաև, երբ ասում է, որ «կլորացնելով» 29.743-ը կստանանք 29.8 թիվը: Ցածր դասարանի յուրաքանչյուր աշակերտ գիտի, որ եթե «կլորացնենք» 29.743-ը, ապա կստանանք 29.7 այլ ոչ 29.8 թիվը: Ստացվում է, որ ինչպես միշտ, Փաշինյան Նիկոլը ձեռնածությամբ է (մանիպուլյացիա) զբաղված: Սակայն, խնդիրը միայն դա չէ:

Ուրեմն, ինչպես հայտնի է, 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ չգիտեմինչի հիմքով ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ, որի համանախագահներն են Գրիգորյան Մհերը, Օվերչուկ Ալեքսեյն ու Մուստաֆաև Շահինը: Ենթադրաբար` խումբը պետք է զբաղվեր տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով: Վերջերս խմբի անդամ Մուստաֆաև Շահինն «Ադրբեջանի անունից» չորս գյուղ պահանջեց: Հիմնավորումը` խորհրդային քարտեզն է: Անմիջապես դրանից հետո Փաշինյան Նիկոլը սկսեց 29.743-29.8 թվերի միջև ձեռնածությունը (մանիպուլյացիա):

Մուստաֆաև Շահինի դիրքորոշումը հասկանալի է: Օվերչուկ Ալեքսեյի դիրքորոշումը` նույնպես: Բա ինչպիսի՞ն է Գրիգորյան Մհերի դիրքորոշումը: Եթե խմբի համար հիմք են հանդիսանում ԽՍՀՄ քարտեզները, ապա Գրիգորյան Մհերը պարտավոր է ՌԴ-ն ներկայացնող Օվերչուկ Ալեքսեյին հիշեցնել, որ, ըստ ԽՍՀՄ քարտեզների, Աբխազիան և Հարավային Օսեթիան պատկանում է Վրաստանին, Մերձդնեստրը` Մոլդովային, իսկ Լուգանդոնն ու Ղրիմը` Ուկրաինային: Եվ այդ դեպքում, ՌԴ-ն բարոյական և իրավական առումով, զրկվելու է խմբի անդամ լինելու իրավունքից: Չի կարող, չէ՞, հանրաճանաչ անբարոյականը բարոյականության դասեր տալ:

Բացի դրանից` եթե խոսում ենք ԽՍՀՄ-ի մասին, ապա եկեք հիշենք, որ այդ նույն ԽՍՀՄ-ի օրենքներում գրված էր «ազգերի ինքնորոշման», ԽՍՀՄ-ից «դուրս գալու», ինքնավար սուբյեկտների մեկ հանրապետությունից «դուրս գալու» և մեկ այլ «հանրապետության կազմի մեջ մտնելու» մասին: Ինչու՞ խորհրդային քարտեզներն այդքան սիրող Փաշինյան Նիկոլն ու Գրիգորյան Մհերը չեն խոսում խորհրդային այն օրենքներից, որոնց հիմքով գծվել են վերջիններիս կողմից սիրված քարտեզները:
Եվ, ի վերջո, խորհրդային քարտեզները հետ բերելուց, չմոռանաք հետ բերել տասնյակ հազարավոր կյանքերն ու խեղված ճակատագրերը: Այսքանը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան