Search
Close this search box.

Սոցինտերնի խորհրդի բանաձևը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ

Ապահովել ժողովրդի հավաքական վերադարձը, իրավունքներն ու անվտանգությունը, ՀՀ-ի հետ անխոչընդոտ ցամաքային կապը, կալանավորվածների ազատ արձակումը

Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Սոցինտերն, Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) կենտրոնատեղիում։

Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն քաղաքական այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907թ․, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի և նախագահության նիստերին, և ընտրվել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի անդամ։

Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության և խորհրդի նիստերի իր բացման ելույթներում ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։

Սոցինտերնի նախագահության և խորհրդի նիստերին, Մարիո Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բռնության քայլերը, սպառնալիքներն ու պահանջները։

Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձև, որտեղ ասվում է.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար՝ նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականությանը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ» ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

1. Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։

2. Ազատ արձակել ռազմագերիները և կալանավորված անձինք։

3. Տարածաշրջանում տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպես միջնորդ՝ իր միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ:

Սոցինտերնի խորհրդի նիստը նաև որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերյալ, որդեգրել Մադրիդյան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություւններ համախմբող համաշխարհային կառույց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) և Ընկերվար երիտասարդների միջազգային միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանը IUSY-ի փոխնախագահ է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ