Search
Close this search box.

Վարչապետն ինքն է որոշում` ինչպես արտահայտվի․ թող ընտրողները որոշեն՝ ok է, թե՞ ok չի․ Թունյան

Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ կա անմեղության կանխավարկած ու դեռ պետք է Վահան Քերոբյանի արածի հետ կապված դատարանը վճիռ արձակի։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե բոլորը պետք է հարկ վճարեն, և դա ընդունելի է, սակայն մտահոգիչ չէ՞ վարչապետի բառամթերքը՝ Թունյանը նշեց. «Եթե ակնկալում եք, որ ես պիտի վարչապետի բառապաշարին, ձեւակերպումներին որեւէ գնահատական տամ, նման բան չի կարող լինել: Վարչապետն ինքն է որոշում` ինչպես արտահայտվի: Դա թող ընտրողները որոշեն՝ ok է, թե՞ ok չի»:

Պատգամավորի խոսքով՝ երբեմն միտքն ավելի լավ է տեղ հասնում, երբ ժողովրդի հետ խոսում են ժողովրդական լեզվով, ավելի հասկանալի ու պարզ, քան տերմիններով։

«Պարզ, ժողովրդական լեզվով ասվեց այն, որ մարդիկ պետք է ենթարկվեն օրենքներին: Բայց նշեմ, որ արտագնա աշխատանքի մեկնողների պահով մեծ մանիպուլյացիա տեղի ունեցավ ու միտումնավոր կամ ոչ միտումնավոր ներկայացվեց այնպես, որ դա նոր օրենք է, նոր կարգավորում է եւ մարդիկ պիտի հարկ վճարեն: Բայց որեւէ նոր օրենք չի ընդունվել: Դա ընդունվել է տարիներ առաջ ու չի կիրառվել: Այն բոլոր մարդիկ, որոնք ՌԴ-ում աշխատել ու հարկեր են վճարել, այդ տեղեկությունը մեր ՊԵԿ-ը ավտոմատ իրազեկում է եւ մարդկանց իրազեկում, որ օրենքով սահմանված կարգով դուք տարբերությունը պետք է վճարեք: Եթե բոլորից հարկերը վերցնեին կամ տուգանեին, կհասկանայինք, բայց տեղի է ունեցել ընդամենը իրազեկում: Երբ օրենքը չի կիրառվում տարիներ շարունակ, մարդիկ սկսում են մտածել, որ նման օրենք չկա կամ մոռանում են դրա մասին կամ մտածում են՝ դա այդպես էլ թղթի վրա պետք է մնա: Բայց մենք պետք է գանք նրան, որ եթե օրենքը չի կատարվում, պետք է փոխել, կամ օրենքը պետք է կատարվի»,- մանրամասնել է Թունյանը: