Search
Close this search box.

ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն չկա․ Պեսկով

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախ շփումներ ունենք հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կպարզաբանենք: Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի։ Շփվենք, կպարզենք»,- լրագրողներին ասել Է Պեսկովը։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։