Search
Close this search box.

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Նիկոլ Փաշինյան

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, վարչապետը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ:

«Մեր դիրքորոշումն էլ է բարդ: Այն, որ մենք Ալմա Աթայի հռչակագիրը ընդունում ենք որպես մե՛զ համար, բայց այն միայն մեզ համար չէ: Ալմա Աթայի հռչակագիրը ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան:

Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։