Search
Close this search box.

Կարեն Կարապետյանի արագ պատասխանը Սերժ Սարգսյանին

Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Արամ Մխոյանին իր խորհրդական նշանակելու մասին: Մխոյանը նախկինում եղել է Արցախի գյուղատնտեսության նախարար: Կարապետյանի որոշումը տվյալ պարագայում սակայն առավել հետաքրքիր է փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանի մի որոշման համադրությամբ: Սարգսյանը ստորագրել Հասմիկ Պողոսյանին՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարարին, իր խորհրդական նշանակելու մասին հրամանագիր:
Երկու օր անց էլ Կարեն Կարապետյանն է իրեն խորհրդական նշանակում, այս դեպքում Արցախի նախկին նախարարի:
Ստացվում է Սերժ Սարգսյանին տված յուրօրինակ պատասխան, հաշվի առնելով այն, որ թե Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը այլեւս «կաղ բադիկ» կամ ժամանակավոր պաշտոնակատար են՝ մեկուկես ամիս անց նրանք կթողնեն իրենց ներկայիս պաշտոնները: Ինչ կանեն հետո, պարզ չէ դեռեւս, սակայն պաշտոնաթողությունից առաջ խորհրդականներ նշանակելը շատ խորհրդանշական է:
Նախ դա ցույց է տալիս այդ ինստիտուտի՝ նախագահի, վարչապետի, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդականի ինստիտուտի՝ հենց այդ պաշտոնյաների մոտ ընկալման կամ դրա հանդեպ անլրջության մասին:
Համենայն դեպս, հակառակ դեպքում խորհրդականների թե նշանակումը կկրեր շատ ավելի լուրջ բնույթ եւ ոչ թե կթողներ ընդամենը այս կամ այն նախկին պաշտոնյային, մտերմին, մերձավորին աշխատանքի տեղավորելու կամ ինչ որ գրասենյակային կարգավիճակ տալու բնույթ, թե խորհրդականների ինստիտուտի աշխատանքի արդյունքը հանրության համար կլիներ շատ ավելի տեսանելի ու շոշափելի դրական փոփոխությունների իմաստով: Որովետեւ, եթե կառավարման ներկայիս արդյունքն է խորհդականների բանակի գործունեության դրսեւորումը, ապա այդ խորհրդականներին թերեւս պետք է տանել իսկական բանակ՝ այնտեղ նրանք գոնե պրակտիկորեն օգտակար կլինեն պետությանն ու հանրությանը:
Իհարկե կասկածից վեր է, որ կլինեն իսկապես բանիմաց եւ նվիրված աշխատող խորհրդականներ, սակայն մի կողմից հարցն այն է, թե նրանց վերադասներին որքանով է պետք այդ աշխատանքը՝ հանրային եւ պետական շահը սպասարկելու համար, եւ դրանից բացի էլ՝ մի քանի բացառությունը ամենեւին չեն կարող «փրկել» ընդհանուր ինստիտուտի անլրջությունը:
Մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը լինելով դե ֆակտո ժամանակավոր պաշտոնակատար, իրենց պաշտոնաթողությունից գրեթե մեկ ամիս առաջ խորհրդական են նշանակում, որ այդ մեկ ամսվա ընթացքում ի՞նչ անեն: Իսկ մեկ ամիս անց ի՞նչ են անելու այդ խորհրդականները:
lragir.am