Search
Close this search box.

Պուտինը կձերբшկալվի՞, եթե գա Հայաստան․ Կիրակոսյանը դժվարացել է հստակ պատասխանել

Կձերբակալվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե որոշի Հայաստան գալ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի պատասխան այս հարցի, ասել է, որ խնդրին լուծում տալու միայն մեկ տարբերակ կա։

«Անձեռնմխելիության հարցը վիճելի է, քանի որ երկու տարբեր դատական ատյաններ՝ Միջազգային քրեական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը, չհամընկնող մոտեցումներ ունեն գործող նախագահների անձեռնմխելիության վերաբերյալ։ Հռոմի ստատուտի վավերացման պահին մենք առաջարկում էինք ռուսական կողմին երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը հիմնվում է կանոնադրության հոդվածների վրա, ըստ որոնց՝ պետությունները կարող են ունենալ երկկողմ պայմանագրեր, որոնցով ստանձնում են որոշակի պարտավորություններ և կարող են վկայակոչվել բացառություններ անելու համար։ Նման առաջարկ դեռ նախորդ տարի ապրիլին փոխանցվել էր ռուսական կողմին, հետո քննարկումներ են եղել նախքան վավերացումը, սակայն, ցավոք, չստացվեց կնքել պայմանագիրը։ Կարծում եմ՝ լավագույն մեխանիզմը, որը լուծում կտա այս խնդրին, սա է։ Հուսով եմ՝ ԱԳՆ գործընկերներն այս ուղղությամբ աշխատում են մեր ռուս գործընկերների հետ։ Ուրիշ ավելի լավ առաջարկ չգիտեմ, որը կարող է լինել»,- ասել է նա։

Հարցին՝ Երևանի առաջարկած պայմանագրի կնքումը թույլ կտա՞, որ Վլադիմիր Պուտինը հանգիստ գա Հայաստան՝ առանց որևէ խնդրի, Կիրակոսյանն արձագանքել է՝ դա առնվազն որոշակի իրավական հիմք կստեղծի դրա համար։

Ստացվում է՝ նույնիսկ այդ դեպքո՞ւմ երաշխիք չկա, որ Պուտինը չի ձերբակալվի Հայաստանում․ ճշտող այս հարցին Կիրակոսյանը հստակ չի պատասխանել՝ ասելով՝ ավելի լավ կլիներ, որ այդ պայմանագիրը կնքվեր մինչև Հռոմի ստատուտի վավերացումը։

«Վավերացումից հետո խնդրին լուծում տալու միակ հնարավոր տարբերակը սա է, այլ տարբերակ չկա»,- ասել է Կիրակոսյանը՝ դժվարանալով ասել՝ ինչու ռուսական կողմը չի ցանկանում ստորագրել նման պայմանագիր Հայաստանի հետ։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու և դատարան ներկայացնելու օրդեր է տվել, որը կատարելու պարտավորություն ունեն դատարանին միացած երկրները, իսկ Հայաստանն օրեր առաջ պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ, քանի որ ամիսներ առաջ խորհրդարանում վավերացրել էր դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Գործընթացի սկզբից ի վեր Մոսկվան հայտարարում էր, որ Երևանի այս քայլն անընդունելի՝ նույնիսկ թշնամական են համարում։ Հարցին՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշում կկայացվի, թե ոչ, եթե նա գա Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում հստակ պատասխան չէր տվել՝ ասելով, որ Հայաստանում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և ինքը չի կարող ցուցումներ տալ իրավապահ մարմիններին, ուստի չի կարող ասել՝ ինչ կլինի այդ պարագայում։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանին միանալուց հետո Մոսկվան որոշակի հավաստիացումների է սպասում Երևանից, որպեսզի Վլադիմիր Պուտինը հարկ եղած դեպքում կարողանա այցելել Հայաստան։