Search
Close this search box.

Բաց նամակ Երեւանի քույր-քաղաքներին. Կոչ ենք անում կասեցնել Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը

55 անհատներ եւ կազմակերպություններ հանդես են եկել Երեւանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»:

Բաց նամակն ուղղվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինեւի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի եւ Անտոնիի քաղաքապետերին:
Պատճենն ուղարկվել է Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սլովակիայի, Իրանի, Իտալիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Բրազիլիայի, Լատվիայի, Հորդանանի դեսպաններին եւ/կամ պատվո հյուպատոսներին,
Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինեւի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի եւ Անտոնիի տեղական լրատվամիջոցներին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քույր քաղաք Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցության կասեցման կոչ
Հարգարժան քաղաքապետ,
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետարանի կայքէջում նշված է, որ Ձեր քաղաքը հանդիսանում է Երեւանի քույր-քաղաքներից, եւ երկու քաղաքապետարանների միջեւ ստորագրված է բարեկամության, տարբեր ոլորտներում համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիր։
2018թ․ փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացվող ավագանու նիստի ժամանակ տեղի է ունեցել աննախադեպ հրապարակային բռնություն ավագանու կին անդամներ Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի նկատմամբ։
Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները ավագանու եւ մասնավորապես՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը Երեւանի Նուբարաշեն թաղամասում հարակից կալանավայրի կոյուղաջրերի արտահոսման երկար տարիներ անտեսված խնդրին հրավիրելու նպատակով՝ բնակիչների խնդրանքով նիստին ապակե տարաներով բերել էին թաղամասով հոսող կոյուղաջրից։ Նպատակն այն էր, որ ավագանու անդամները թեկուզ կարճ ժամանակով իրենց կաշվի վրա զգան արտահոսող կոյուղաջրերի գարշահոտության պատճառով կալանավորների եւ բնակիչների կրած զրկանքները եւ վերջապես լուծեն տարիներ տեւող խնդիրը։
Սակայն ի արձագանք ընդդիմադիր կողմի այս քայլին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու այլ անդամները (հատկապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող ավագանու անդամները) եւ քաղաքապետարանի աշխատակիցները բառացիորեն հարձակվել են Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի վրա, հրապարակայնորեն ֆիզիկական բռնություն գործադրել նրանց հանդեպ, հայհոյել, կատարել սեռական ոտնձգություն, սպառնացել այլ բռնություններ կատարել, բռնի վտարել են նիստի դահլիճից։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով եւ ներկայությամբ տեղի ունեցած բռնարարքների համար, այլեւ շարունակել է ավագանու այս ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները։ Քաղաքապետարանը նաեւ որոշում է կայացրել ապօրինաբար սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ավագանու նիստերին։
Բռնարարքներից անցել է 10 օր, սակայն ավագանու մեծամասնություն կազմող կուսակցությունը՝ Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է նաեւ խորհրդարանում, ոչ միայն հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ, այլեւ արդարացրել է բռնությունները՝ մեղադրելով ավագանու կին անդամներին եւ հնչեցնելով կոպտագույն սեքսիստական արտահայտություններ։ Որոշ լրատվամիջոցներ նույնպես շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ։
Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես արձագանքել են մեծ ուշացումով՝ հանրային բողոքի ու պահանջի ներքո։ Քննություն է կատարվում առավելապես մեղմ պատիժ ենթադրող քրեական հոդվածների շրջանակներում։
Այս բաց նամակով մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, եւ չի փոխվել Երեւանի ավագանու ներկայիս կազմը։ Բռնարար եւ կոռումպացված քաղաքապետով ու ավագանու անդամներով քույր-քաղաք ունենալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքի ղեկավարությանն ու բնակչությանը, ուստի կոչ ենք անում Ձեզ կիսել մեր մտահոգությունն ու հրաժարվել բռնարար կառույցի հետ համագործակցությունից»։