Search
Close this search box.

Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն։ Խոսելով առաջիկայում սպասվող եղանակի և այս ցիկլոնի ազդեցության մասին՝ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա միջերկրական ծովի ավազանից մոտեցող բավականին ակտիվ ցիկլոն է՝ հավելելով՝ «երբ որ ձմեռը ձյուն է գալիս, նորմա՞լ է, թե՞ աննորմալ»։

«Այն մինչև հունվարի 24-ի առավոտյան մնալու է մեր հանրապետության տարածքում։ Բացի ցիկլոնի ներթափանցումից, հյուսիս-արևելքից, առաջիկա ժամերից սկսած, ներթափանցելու են արտկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչով պայմանավորված՝ երեկոյան ուշ ժամերից և առաջիկա գիշերից ու վաղը ցերեկվա ողջ ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Երևանում, հատկապես բարձրադիր գոտիներում կանխատեսվում է, որ առաջիկա օրվա ընթացքում կձևավորվի 10-15 սմ բարձրությամբ ձնածածկույթ, ճանապարհներին՝ մերկասառույց»,- մանրամասնում է նա:

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային․ «Եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային։ Այս պահի դրությամբ 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է»։

Ըստ նրա՝ տեղումները հունվարի 24-ին կդադարեն, բայց հունվարի 27-ին կգա հաջորդ ցիկլոնը, որը ևս տեղումնաբեր կլինի։