Search
Close this search box.

«Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ու հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է»․ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազության պահանջի առիթով

«Պատճառը եղել է այն, որ նախնական փուլի համար փաստաբաններ ներգրավված են եղել զուտ որոշակի գործողություններ՝ փաստաթղթեր ձեռք բերելու, տարբեր պետական մարմիններ հարցումներ կատարելու համար։ Իսկ դատական փուլի համար նոր փաստաբաններ են ներգրավվելու հետագա փուլերում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դատական նիստից առաջ հրաժարվել են իրենց փաստաբաններից, այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Այսօր՝ հունվարի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։

Էմին Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանն ունի ներգրավված փաստաբաններ՝ Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, Վարազդատ, Ասատրյանը և Էմին Խաչատրյանը։

Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առարկել է տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման դեմ։ Էմին Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք ծանոթ ենք հայցադիմումին․ այնտեղ մի շարք բանկային գաղտնիքին վերաբերվող կամ այլ հանգամանքներ կան, որոնք համատարած հրապարակվում են ոչ միայն այս գործով, այլև մեր պրակտիկայում ունենք, որ այլ նմանատիպ գործերով։ Հետևաբար խորհրդակցել ենք մեր վստահորդի հետ և եկել եզրահանգման, որ պետք է առարկենք տեսաձայնագրության միջնորդությանը։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Լրատվական միջոցների ուղիղ հեռարձակում ու տեսաձայնագրություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է»։