Search
Close this search box.

ՔՊ-ում կարծում են, որ անշնորհակալ գործ է Ալիևի օրակարգերը մեկնաբանելը

«Խաղաղության օրակարգն առաջին իսկ օրվանից խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանից դուրս, թե՛ նաև Հայաստանի ներսում, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, և դրանով ենք շարժվում առաջ»:

Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բաքվից հնչող հայտարարությունները, ագրեսիվ հռետորաբանությունը խաղաղության օրակարգը տապալելուն չեն միտված:

Հովհաննիսյանի խոսքով՝ ամենասկզբից էլ հասկացել են և ժողովրդին էլ փոխանցել, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու.

«Մենք հանդիպում ենք խոչընդոտների՝ հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից, և կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ սա փորձ չէ փակուղի տանել խաղաղության օրակարգը։ Եթե անգամ սա Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի տանելու փորձ է, դա մեզ որևէ կերպ ետ չի պահելու մեր քաղաքականությունից, մեր օրակարգից, իսկ մեր օրակարգը խաղաղության օրակարգն է»:

Ըստ Հովհաննիսյանի՝ խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է. «Հայաստանը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, և մենք շարժվում ենք այս ճանապարհով»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ արձագանքելով նկատեց՝ շատ անշնորհակալ գործ է Ալիևի օրակարգերը մեկնաբանելը. «Ալիևը իհարկե կարող է ունենալ պատերազմի օրակարգ, կարող է ունենալ նախընտրական շրջանում աքլորանալու օրակարգ, ցանկացած օրակարգ կարող է ունենալ, բայց այստեղ կարևոր է, թե մեզ ինչն է հետաքրքրում այդ գործընթացում, որն է ՀՀ օրակարգը և շահը, մեր խորին համոզմամբ՝ դա խաղաղությունն է, և այդ օրակարգը»: