Search
Close this search box.

Անել կա, կա անել․ արդյունաբերությանն ավելի մոտ կանգնած «աստղային» ֆրանսիացու փոխարեն հրավիրվեց «աստղային» ֆուտբոլիստ Անելկան

Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստան է եկել Ֆրանսիայի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան:

Չգիտեմ, Անելկայի անու՞նն է «ոգեւորել» հայ-ֆրանսիական արդյունաբերական պալատին, թե՞ պալատը պարզապես առայժմ չի գտել առեւտրին ու արդյունաբերությանն ավելի մոտ կանգնած «աստղային» ֆրանսիացու եւ հրավիրել է Անելկային:

Անշուշտ, շատ ոգեւորիչ է Հայաստանում տեսնել թեկուզ նախկին ֆուտբոլային աստղի, եւ դա հատկապես կոգեւորի ֆուտբոլ պարապող երեխաներին: Պարզապես, տվյալ դեպքում հարցն այն է, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզը, որ ստորագրվեց 2021 թվականի վերջին, ավելի ու ավելի շատ անցնի արդյունաբերական գոտիներով, քան ֆուտբոլային դաշտերով:

Այլապես՝ Անել կա, կա անել

Հ/Գ Հիշեցնենք, որ հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը հայտարարել էր որ հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ-Պարի Սեն Ժերմենի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան:

Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։

Ֆրանսիայի ընտրանու հետ նա խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, Արսենալում, Ռեալ Մադրիդում, Լիվերպուլում, Մանչեսթեր Սիթիում, Չելսիում, Յուվենտուսում:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից