Search
Close this search box.

Հնարավո՞ր է՝ Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար. հարց՝ քաղաքապետի խոսնակին

Հնարավո՞ր է, որ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար, այն մարդկանցից, որոնք դիրքորոշում էին հայտնել եւ դեմ էին արտահայտվել օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելուն: Այս հարցը լրագրողները տվեցին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին ճեպազրույցի ժամանակ։

Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Ավինյանը նկատի է ունեցել այն ադեկվատ մարդկանց, որոնք իրոք մտահոգություններ ունեն: Եթե չեմ սխալվում, ինքը նշել էր, որ քաղաքական որոշակի դիվիդենտներ են ուզում ստանալ: Այդ շրջանակին նկատի ուներ»:

Դիտարկմանը, որ այսինքն կա մարդկանց ցուցակ, որոնք կարելի է համեմատել ճանճերի հե՞տ, նա արձագանքեց. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե որեւէ մեկիս հասցեին ադեկվատ քննադատություն է հնչում, մենք դա նորմալ ենք համարում, բայց երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորական բաներ են ասվում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»:

Հիշեցնենք՝  օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով Օղակազեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու խնդրին, ասել էր հետեւյալը. «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին: Ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»: