Search
Close this search box.

Ֆրանսիայի Սենատը ՀՀ տարածքային ամբողջականության ոտնահարման փորձերը կանխող բանաձև ընդունելու նախագիծ կքննարկի

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և հետագայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած ագրեսիայի և տարածքային ամբողջականության ոտնահարման փորձերը կանխող բանաձև ընդունելու նախագիծը։

Ըստ Սենատի պաշտոնական կայքէջի՝ բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Կոչ է արվում կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Փարիզը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ ընդգծելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում: Բաքուն Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ։