Search
Close this search box.

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնում իրեն՝ Վիլեն Գաբրիելյանին

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօրվա նիստում:

Փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը: Նախագծի հեղինակը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության գործընկերների առաջարկներն աշխատանքային կարգով քննարկվել եւ մեծամասամբ ընդունվել են, իսկ առարկությունների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվել էր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորությունգ նախագծի հեղինակի հետ առաջարկն իրացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Առաջարկվել է օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովելու նպատակով զենքի կանոնների որոշակի փոփոխության հարցն առանձին քննարկել:

Օրենսդիրն ու Կառավարությունը փոխհամաձայնության են եկել օրենքի 37-րդ հոդվածի հարցում. առաջարկվում է զենքով պարգեւատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգեւ տրված զենքը նալելու եւ նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսել:

Կառավարությունն առաջարկել է նաեւ ձեռնպահ մնալ Քրեական օրենսգրքում որեւէ փոփոխություն կատարելուց:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը առաջարկել է նախագծում ամրագրել բացառություն, որով քննիչներն իրավունք կունենան կրելու մարտական նշանակության բացառապես ատրճանակ:

Արփինե Սարգսյանը նշել է, որ երեք հիմնադրութային սկզբունքների՝ մարդու իրավունքների, գործող քաղաքականության, տարածաշրջանային գործող կանոնների հենքով է, որ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող վերոնշյալ փոփոխությունից:

«Հասկանում եմ, որ ունենք զենքեր, որոնց հետ կապված առկա են խնդրահարույց իրավիճակներ: Կառավարության առաջարկը հետեւյալն է. քանի դեռ ծառայողական զենքը տարածաշրջանում պահպանվում է, իսկ ԵԱՏՄ կանոնակարգերով այդ զենքերը կան, եւ մենք մեր օրենսդրությամբ պետք է պահպանենք կանոնները»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը:

Պատգամավորները մտքեր են փոխանակել ծառայողական, մարտական զենքերի տարբերության, կիրառման, փոխարինման հարցերի վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնութունը ստացել է դրական եզրակացություն:

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն էլ հայտարարել է․ «Ես որ ինձ չգովեմ, ոչ մեկ չի գովա, նախ ասեմ՝ պիտի շնորհակալություն հայտնեմ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին»։

Նա բացատրեց, որ քննարկման առարկա հանդիսացող հարցն ինքն ի սկզբանե հաշվի էր առել և ծառայողական զենք հասկացությունը նախագծից հանել էր։