Search
Close this search box.

Խորհրդավոր մահեր Ռուսաստանում

Ռուսաստանի «էլիտայում» խորհրդավոր մահերի շարքը շարունակվում է: Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում մահացավ Կրեմլին և Վլադիմիր Պուտինին մոտ շատ ազդեցիկ պաշտոնյան։ Խոսքը Նիժնի Նովգորոդի մարզից սենատոր Վլադիմիր Լեբեդեւի մասին է, ով կապված է նավթային բիզնեսի հետ։

Բրիտանական The Mirror թերթը հոդված է նվիրել Լեբեդեւի մահվանը «Պուտինի սենատոր Վլադիմիր Լեբեդևին մահացած են գտել «սարսափելի ողբերգության» մեջ» վերնագրով։ Ռուս սենատորը 61 տարեկան էր։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է «սրտի կաթվածը»։ Նրան ծանոթ մարդիկ, սակայն, պնդում են, որ պաշտոնյան սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։

«Պատերազմի աջակից Լեբեդևը նախկինում կապեր է ունեցել էներգետիկ հսկայի՝ «Լուկօյլ»-ի հետ: Այս ընկերությունում Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո մի շարք անբացատրելի և վաղաժամ մահեր են եղել թոփ մենեջերների շրջանում»,- ասվում է հոդվածում։

Հայտնի է, որ հանգուցյալ Լեբեդևը սերտ գործարար կապեր է ունեցել «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Նեկրասովի հետ, ով մահացել է անցյալ ամիս․ նույնպես ենթադրյալ սրտի խնդիրների հետևանքով։

Ռուս սենատորը ընկերություն էր անում Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Լեբեդևն ու Կիրիենկոն որսի գործընկերներ էին, նրանց լուսանկարն է սատկած արջի դիմաց։

Լեբեդևը գտնվում էր ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու համար։ «Պատերազմի սկզբից ի վեր ռուսների առեղծվածային մահվան ալիք է եղել՝ կապված էներգետիկայի և բանկային ոլորտների հետ։ Լուկօյլի 67-ամյա մագնատ Ռավիլ Մագանովը անցյալ տարվա սեպտեմբերին ընկել էր Մոսկվայի էլիտար կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Նա այնտեղ էր սրտի հետ կապված խնդրի պատճառով: Նա դուրս էր ընկել 6-րդ հարկի պատուհանից և տեղում մահացել… 43-ամյա միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, ով նույնպես կապված է Լուկօյլի հետ, մահացած էր հայտնաբերվել 2022թ.», ասվում է հոդվածում:

Լրագրողները կարծում են, որ առեղծվածային մահերը կարող են կապված լինել բաց նամակի հետ, որը Լուկօյլի ղեկավարությունը հրապարակել է Ուկրաինա ռուսական զինված ուժերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից մեկ շաբաթ անց։ Դրանում խոսվում էր պատերազմը շտապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Մենք հանդես ենք գալիս զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու օգտին և լիովին աջակցում ենք դրա լուծմանը բանակցությունների և դիվանագիտական ​​միջոցներով», – գրել են նավթային ընկերության ներկայացուցիչները:
lragir.am