Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գագաթաժողովից հետո կայցելի Երեւան եւ կհանձնի ստորագրված փաստաթղթերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կազմակերպության մինսկյան գագաթաժողովից հետո կայցելի Երեւան եւ հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, տեղեկացրել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ։ Մենք քննարկել ենք այդ հարցերը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կընդունվեն, միանգամայն լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններին եւ ընթացակարգերին համապատասխան… որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։ Մենք պայմանավորվել ենք, որ գագաթաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան»,- ասել է Ալեյնիկը լրագրողներին Մինսկում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում։

Նա ավելացրել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից եւ վերջնական լրամշակման կենթարկվեն Մինսկում, համաձայնեցնող հանձնաժողովի կողմից, կփոխանցվեն հայ գործընկերներին։ «Ակնկալում ենք, որ նրանք կմիանան դրանց»,- ավելացրել է Բելառուսի արտաքին գործերի նախարարը։