Search
Close this search box.

«Մարգարա» մաքսակետը վերազինվում է ռենտգենյան, ինչպես նաև ֆիզիկական անձանց խորը զննող սարքերով

1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: Այս մասին Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» շինարարական աշխատանքների և «Roughton» ինժեներական աշխատանքների կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր` 22,194,650.4 եվրոյի և 1,345,500.0 եվրոյի (ներառյալ ԱԱՀ) արժեքով։ Ներկա պահին անհրաժեշտ է կապալառուին և ինժեներին իրենց կողմից արդեն իսկ կատարված, ինչպես նաև մինչև 2023 թվականի տարեվերջ կատարվելիք աշխատանքների դիմաց իրականացնել վճարումներ:

ՊԵԿ-ի «Մարգարա» մաքսային սահմանային անցման կետում մաքսային հսկողության գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ՝ ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներ: Դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ է 168,031.4 հազար դրամ:

Ներկայումս շինարարական աշխատանքները մեկնարկվել են։

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով վերոգրյալ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվել է 2,165.4 մլն դրամի չափով դրամաշնորհային միջոցներ, որից` 1,804.5 մլն դրամը ՎԶԵԲ-ի դրամաշնորհ, իսկ 360.9 մլն դրամը ՀՀ-ի կողմից կատարվող համաֆինանսավորում (ԱԱՀ գծով):