Search
Close this search box.

Կիրակոսյան. Ատելության հրահրումը հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառներից մեկն է

Ատելության, թշնամանքի հրահրումը, որը տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով, մեզ համար մեր ունեցած կոնֆլիկտի արմատական պատճառներից մեկն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նիստում ելույթի ժամանակ ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Սա շատ մտահոգիչ է։ Այդ իսկ պատճառով Հայաստանը գործ է հարուցել Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա։ Սա առանցքային կոնվենցիա է, որն արգելում է ռասայական խտրականության քաղաքականությունը, ռասայական թշնամանքը կոնկրետ խմբերի, այդ թվում, օրինակ, էթնիկ խմբի նկատմամբ»,- նշել է նա։

Կիրակոսյանի խոսքով, այն, ինչի հետ բախվել է Հայաստանը վերջին տարիներին, երկար տարիների թշնամանքի և ատելության քարոզչության արդյունք է, այդ թվում՝ հենց Ադրբեջանի երկրի քաղաքական ղեկավարության կողմից։

«Եվ սա շատ տխուր իրականություն է, որում մենք ապրում ենք։ Իսկ այն գործերը, որոնք Հայաստանը ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարան, հանգեցրել են դատարանի մի քանի որոշումների… Մասնավորապես, առաջին որոշումը դատարանը կայացրել է 2021թ.-ի դեկտեմբերին, որը վերաբերել է Ադրբեջանի պետական ​​իշխանությունների կողմից ատելության քարոզչության և թշնամանքի հրահրման դադարեցմանը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող էթնիկ հայերի իրավունքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի հուշարձանների պահպանմանը»,- նշել է նա։