Search
Close this search box.

Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» ասելը ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում. Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ չափազանց կասկածելի է այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Ավելին` Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով։

Սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում։ Վարչապետի խոսքով՝ սա է նաև խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը։

Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։