Search
Close this search box.

Փաշինյանը առաջնորդվում է 3 սկզբունքներով՝ Արցախի ուրացում, Հայաստանի թրքացում, Արցախի ադրբեջանացում

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունը, թե Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փարոս է, ցինիզմ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

« 15-ից ավելի քաղբանտարկյալ կա։ Խոսքի ազատությունը ճնշող, շինծու դատական գործեր անող իշխանությունը ո՞նց կարող է ժողովրդավար լինել։ Այդ նույն դեսպանատունը վաղը կարող է Իլհամ Ալիեւին ժողովրդավարության հայր կոչումը տալ»,- ասաց Շարմազանովը։

Զրույցի ընթացքում նա նշեց, որ Արեւմուտքի ու Թուրքիայի խնդիրն է՝ Հայաստանը կտրել Ռուսաստանից, հեռացնել Հայաստանին Կովկասի տարածաշրջանից․ «Նիկոլ Փաշինյանը հոժարակամ դարձել է այդ բութ գործիքը Արեւմուտքի ու Թուրքիայի համար»։

«2020թ․ հոկտեմբերին 15 ընդդիմադիր գործիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ինքն է ասել՝ Սյունիքը պահել ենք բացառապես Ռուսաստանի աջակցության շնորհիվ, երբ ռուսական դրոշները տեղադրվեցին Մեղրիից մինչեւ Տեղ գյուղ։ Եթե դա չանեինք թուրքերը մտնելու էին ու գրավեին Սյունիքը։ Ո՞նց է լինում, որ 2020 թվականին ռուսը դառնում է Սյունիքի պաշտպան, հիմա էլ ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով ԱՀ նախագահ Սամվել Շահրամայանի հարցազրույցին՝ պատգամավորը նշեց, որ այն բավականին զուսպ, ապաքաղաքական, ոչ համարձակ հարցազրույց էր․ «Արցախի հանձման, հայաթափման ողբերգությունը ունի երկու հեղինակ՝ Իլհամ Ալիեւ եւ Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար 9 օրում Շահրամանյանը չէր կարող լինել ո՛չ Արցախի փրկությունը, ո՛չ կործանման պատճառը։ Եթե դու չես տալիս հասցեատիրոջ ու մեղավորի անունը, այդ մեղավորը ավելի է լկտիանում»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդին առաջին հերթին մենակ է թողել Փաշինյանը․ «Փաշինյանն այսօր խորհրդարնում ասում է, որ 2024 թվականին խաղաղության ենք հասնելու, երեք սկզբունքների մասին է խոսում։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է երեք սկզբունքներով՝ արցախյան հարցի ուրացում, Արցախի ուրացում, Հայաստանի թրքացում, Արցախի ադրբեջանացում»։