Search
Close this search box.

Քիչ առաջ մեր քաղաքը հրթիռшհшրվում էր, օրը 3-4 անգամ ռմբшպшստարաններ ենք իջնում. ինչ վիճակ է Իսրայելի հայ համայնքում

Քիչ առաջ մեր քաղաքը հրթիռահարվում էր, իրավիճակն Իսրայելում շարունակվում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը՝ նշելով, որ բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ մինչեւ հիմա չկան:

«Իսրայելի զինված ուժերը սկսել են ցամաքային գործողությունը, այսօր 2 բնակավայր են մտել տանկերով, Գազայի հյուսիսային մասում են արդեն, իսկ այնտեղի բնակիչները տեղափոխվել են Գազայի հարավ»,- պատմեց նա:

Չերնամորյանը նշեց, որ Իսրայելում զորահավաքին, որին 380 հազար զորակոչային կին ու տղամարդ է հավաքվել, կան անեւ բազմաթիվ հայեր, ինչը մտահոգիչ է:

«Իրավիճակը այդ առումով ավելի է սրվել, զորահավաքին մասնակցող հայերի հետ կապը այդքան էլ շատ չէ, զանգում ասում են լավ են, ու վերջ: Նրանց մի մասը հարավում են, մի մասը հյուսիսում, նրանց ծնողները հարազատները շատ են անհանգստանում»,-ասաց նա:

Չերնամորյանը նշեց, որ վիճակն ավելի վատ է Աշկերոնում, որն անընդհատ հրթիռահարվում է:

«Մենք էլ օրվա ընթացքում 3-4 անգամ ռմբապաստարաններ ենք իջնում: Դպրոց մանկապարտեզներ չեն աշխատում, երեխաները հեռահար ուսուցման են: Մի պահ որոշվեց շաբաթը 2-3 անգամ երեխաներին դպրոց կանչել, հետո մտափոխվեցին, որովհետեւ պատերազմական դրություն է երկրում»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ առաջին տարհանումից հետո էլի թեժ գիծ է բացվել, մարդիկ էլի ցանկություն են հայտնում վերադառնալ, այս պահին իր մոտ եղած ցուցակով 45 հոգի կա գրանցված:

«Հիմա ուղիներ են փնտրում իրենց երեխաներին հեռացնելու, որովհետեւ չեն դիմանում, երեկ հրեա 9-ամյա աղջիկ երեխայի սիրտ է կանգնել վախից, հրթիռահարության ձայներից: Մարդիկ ուղում են դուրս գալ, տարբեր ուղիներ են փնտրում: Հիմա կարող է թեկուզ գրանցվեն, բայց մինչեւ ինքնաթիռը լինի, կարող է մի ձեւ դուրս եկած էլ լինեն, էլ չեն կարողանում մնալ»,- ասաց նա:

Չերնամորյանը նշեց, որ իր կարծիքով այս իրավիճակը դեռ մոտ չէ հանգուցածուծման, քանի որ Իսրայելի նպատակի ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելն է:

Նշենք, որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում, երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում: