Search
Close this search box.

Նոր Հոկտեմբերի 27-ի վտանգ եմ տեսնում. Ալեն Սիմոնյան

Շատ ժամանակ է անցել 1999 թվականից այս կողմ եւ բնական է, որ ժամանակային բարդություններ կան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018-ից ի վեր ինչու չի բացահայտվել «հոկտեմբերի 27»-ի գործը:

«Վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին եւ հիմնական պատճառները ովքեր են եղել: Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայն ասել, իմ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե «մարտի 1»-ի պարագայում, թե «հոկտեմբերի 27»-ի պարագայում մենք հիմնական դրդապատճառները եւ հիմնական դերակատարներին, կարծում եմ՝ բոլորս գիտենք: Մնում է այդ փաստը արձանագրվի եւ համապատասխան պատիժ լինի»,-ասաց նա՝ չբացառելով նաեւ արտաքին ուժերի շահագրգռությունը:

Հարցին, թե ինչն է խանգարում, որ «հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Շատ ժամանակ է անցել, 24 տարի է անցել եւ բավականին բարդ է, հասկանալի պատճառներ կան»:

Հիշեցմանը, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանը ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անուններն էր հնչեցրել եւ ասել, որ նրանց ղեկավարած ԱԱԾ-ն իմացել է, թե Նաիրի հունանյանն ինչ է անում, կա՞ քաղաքական կամք գործը բացահայտելու, ԱԺ նախագահն ասաց. «Խի դրա մեջ կասկած կա՞: Պոպուլիզմ կլինի, եթե մեկին անհիմն մեղադրեն, հետո գնա դատարանում ազատվի: Բայց նորից եմ ասում՝ թե «մարտի 1»-ի պարագայում, թե «հոկտեմբերի 27»-ի պարագայում, թե Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «կոլցո» օպերացիայի պարագայում, մենք գիտենք ովէ կազմակերպիչը: Մնում է իրավական ձեւակերպում: Բայց հայտնի պարտակումները, հայտնի մարդկանց գործունեությունը, քննիչ ունենք, որը «մարտի 1»-ի գործով պարտակել ու հիմա լքել է Հայաստանը, կան իրվական բարդություններ»:

Հարցին՝ ի՞նչ դասեր ունենք քաղելու «հոկտեմբերի 27»-ից, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Այնքան դասեր ունենք քաղելու թե ներքին, թե արտաքին քաղաքական առումներով: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում որեւէ մեկը մեզ սիրելու կամ չսրելու խնդիր չունի, որ կան շահեր: Մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել շատ կտրուկ բաների, պետությունը դրա պատճառով կարող է գլխատվել, նույնիսկ պետականությունը կորցնենք: Կարծում եմ՝ մենք այդ դասերը քաղել ենք, որովհետեւ նոյեմբերի 9-ից հետո այն ամենը, որ տեղի ունեցավ եւ հետագա ներքաղաքական զարգացումները, դա նաեւ այդ դասերի շնորհիվ է, որ գիտակցում ենք, որ այնուամենայնիվ, ամենակտրուկ պահերին մենք համախմբվում ենք, հասկանում ենք, որ խոսքը ինչ-որ մեկի հարց չի, ինչ-որ մեկի պաշտոնի հարց չի,. եւ մենք պետականություն պահելու խնդիր ունենք»:

Հարցին՝ դուք նոր «հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնում ենք, ԱԺ նախգահ արձագանքեց. «Իհարկե, տեսնում եմ: Ես չեմ բացառում, որ արտաքին, այն էլ այս իրավիճակում : Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարեւորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը»: