Search
Close this search box.

Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա․ Փաշինյան

Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ.

– Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

– Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

– Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:

Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»: