Search
Close this search box.

Թող նրանցից գոնե մեկը գա և ասի՝ Վագիֆ, դու դա արել ես․ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Դատարանում այսօր դարձյալ բազմաթիվ ադրբեջանցիներ են ու դատական իշխանության ներկայացուցիչներ. իսկ նրանց դեմ՝ ապակեպատ խցիկում միայնակ, ինքն իրեն պաշտպանող արցախցի տարեց տղամարդը։

Իր հասցեին ծանր մեղադրանքներ լսող Վագիֆ Խաչատրյանն այսօր ստիպված էր պարբերաբար ընդհատել 30 տարվա վաղեմության պատմություններ ներկայացնող տուժողներին ու հակադարձել ադրբեջաներենով՝ սուտ որակելով դրանք:

Չերկեզը, որին Բաքվի դատարանը որպես տուժող է ներկայացնում, ասաց, թե Խաչատրյանի եղբորն էր ճանաչում։

«Այստեղ շատ մարդ կա, նրանցից որևէ մեկը կարո՞ղ է հավաստիացնել, որ Վագիֆը որևէ մեկին ծեծել է, վիրավորել։ Նրանք բոլորն այստեղ են, թող նրանցից գոնե մեկը գա և ասի՝ Վագիֆ, դու դա արել ես», – նշեց Խաչատրյանը։

Ամռանը Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետից առևանգած արցախցուն Բաքուն մեղադրում է ավելի քան 30 տարի առաջ Մեշալի գյուղում 25 ադրբեջանցու սպանության, 5,5 միլիոն մանաթի վնաս պատճառելու համար։ Մեշալին, որն արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայր Պատարա գյուղի մոտ է։