Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը` իր և Սամվել Բաբայանի զբոսանքի, ժպիտների ու ծրագրերի մասին

Հայաստանն ուզում է, որ Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաստան տեղափոխվելուց հետո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան»: Մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել պետք է չլինի», – ասաց նա։

Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե Արցախի լուծարման մասին փաստաթուղթը սահմանադրական ուժ չունի` Անդրանիկ Քոչարյանը ասաց. «Թող պարոն Շահրամանյանը կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Արցախը լուծարելու փաստաթուղթը, թե՞ ոչ: Եթե չի ստորագրել՝ ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում: Եթե ուժ չունի այդ փաստաթուղթը, հարց է առաջանում, թե ինչու արցախահայությունը լքեց իր բնակավայրերը», – նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց նաև, որ ամեն օր հանդիպում է Արցախի ներկայացուցիչների հետ ու քննարկում է անվտանգային հարցեր։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 20-ին, Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Քաղաքացիների հետ սկզբում դրսում, ապա ներսում հանդիպեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ակցիայի ընթացքում մի քանի անգամ լարված իրավիճակ ստեղծվեց։ Դրանցից մեկի ժամանակ ցուցարարները հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից։