Search
Close this search box.

Երևանի ու Բաքվի միջև ձևավորվել է ԵՄ միջնորդությամբ խաղաղության ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ստեղծվել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Այս մասին այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով իր լիտվացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներին՝ Փաշինյանը նշեց, որ Շիմոնիտեին է ներկայացրել խաղաղության խաչմերուկի հայկական կողմի նախագիծն ու առաջարկը, որի մասին խոսել է նաև Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին։

«Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ։ Սա կարող է նաև ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը», – նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ վարչապետ Շիմոնիտեին է ներկայացրել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ Փաշինյանը հավելեց, որ Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ձևավորվել է Արդբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։

«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը», – նշեց Փաշինյանը։