Search
Close this search box.

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և հայտարարել, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Խաչատրյանն ասել է․ «Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Ռազմական գործողությունների ժամանակ ես ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»։

Նշվում է, որ այս խոսքերը բողոքի տեղիք են տվել դատարանի դահլիճում. APA-ի փոխանցմամբ՝ Վագիֆ Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան: Trend-ը, մինչդեռ, հաղորդում է, թե Բեյբալաևն է հրաժարվել Խաչատրյանի հետագա պաշտպանությունից՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները հուլիսի վերջին առևանգեցին Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»