Search
Close this search box.

Սեպտեմբերի համար Արցախի պետական ապարատում աշխատողներին որևէ վճարում չի եղել. պատգամավոր

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատել է՝ սեպտեմբերի համար պետական ապարատում աշխատողներին որևէ վճարում չի եղել, տեղեկություններ էլ ունեն՝ հոկտեմբերից աշխատավարձ չի լինելու, թեև այս լուրերը պաշտոնական չեն։

Նա նշել է՝ իրենց որևէ կերպ չեն զգուշացրել, որ աշխատավարձ չեն ստանալու։

«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների պարտականությունն է Արցախի պետական աշխատողների աշխատավարձերի փոխանցումը, քանի որ մեր պետական բյուջեի գումարներին այս պահին ՀՀ իշխանությունն է տնօրինում»,- ասել է Հակոբյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ իրենք հիմա էլ համարվում են պատգամավորներ, քանի որ Արցախի ԱԺ-ն որևէ մեկը չի կարող լուծարել, պետք է ինքնալուծարվի։

«Կարծում եմ՝ ոչ միայն պատգամավորները, այլ բոլորը պետք է աշխատավարձ ստանային, քանի որ բնակչության 70%-ը պետական աշխատողներ են։ Այդ մարդիկ այստեղ իրենց աշխատավարձի հույսով տներ են վարձել, ու հիմա փաստի առաջ են կանգնած։ Մենք էլ չգիտենք՝ ում դիմել, քաոս է»,- հավելել է Հակոբյանը։

Մամուլը գրել էր այն մասին, թե չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, քաղաքացիները տեղեկացրել են, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, և հնարավոր է՝ չստանան։