Search
Close this search box.

Հաղթեց հեղափոխությունը․ Նիկոլ Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, այն ընտրողը, որ գնաց ընտրատեղամաս եւ նաեւ այն ընտրողը, որ չգնաց, եւ հաղթեց հեղափոխությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորս հասկանում ենք Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական կարեւորությունը: Այս ընտրություններում ձայների հաշվարկի արդյունքում 50-150 քվե այլ կերպ բաշխվեր, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշվեցին 50-150 քվեի հաշվարկի արդյունքում, ի ցույց դրեց մեր անսասանելի հաավատարմությունը 2018-ի Թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը եւ ժողովրդի կամքի նկատմամբ անքննարկելի հարգանքի: Այն, որ մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք մեր ձեռքը կկտրենք, բայց մեկ քաղաքացու քվեին չենք կպնի, դա արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել ենք:

Այսինքն՝ եթե, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը 50-150 ձայն ավել ստանար, մենք միասին կունենայինք 33 մանդատ, ոչ թե 32:

Հաջորդը՝ այն ուժերը, որոնք հանդես են եկել հեղափոխության արժեքների պաշտպան, այդ ուժերը հավաքել են 60 տոկոսից ավելի ձայն: Այլ բան, թե ով է նրանցից հավատարիմ անկեղծորեն այդ արժեքներին, եւ ով է մանիպուլացնում: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել «Հանրապետության» նկատմամբ, որն իր հետեւողական քաղաքականության շնորհիվ շատ էական թվով ձայներ հավաքեց: Մենք արդեն, ըստ էության, համատեղ կառավարում կիրականացնենք Երեւանում, ինչը վատ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հիմա պետք է նայեն, թե որոնք են համադրելի կետերը ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ծրագրերում. «Եթե հակասող կետեր լինեն, պետք է դրա վերաբերյալ հետագայում որոշում կայացնենք: Սա լավ առիթ է, որ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերում առկա համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կախված մնացին Վարդան Ղուկասյանի՝ «Հանրային ձայն» կուսակցությունից, Փաշինյանն ասաց. «Եթե հարցնեք՝ արդյոք քվեարկության արդյունքները մտածելու տեղիք տալիս են մեզ, այո՛, տալիս են մտածելու տեղ: Մտածելու, վերլուծելու, հետեւություն անելու տեղիք տալիս են եւ դա անպայման տեղի կունենա, բայց գոնե այս փուլում ես չեմ ուզում որեւէ կերպ քննարկման առարկա դարձնեմ ընտրողի որոշումը:

Արդյոք այդտեղ կան դժվար հարցեր, որոնց հետ մենք պետք է առերեսվենք, այո, կա եւ մենք դա կանենք»: