Search
Close this search box.

Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը

Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Նա ավագանու կողմից առաջադրված միակ թեկնածուն էր։
Ժամը 10-ին մեկնարկած Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում է 37 ավագանու անդամ, այսինքն՝ քվորում կա։
Նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը՝ Ալեքսանդր Բադալյանը։

Թեկնածությանը «կողմ» է քվեարկել 32 ավագանու անդամ, իսկ «դեմ» 5։ Իշխանության թեկնածուի օգտին իրենց ձայնը տվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների ավագանիները։

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք քվեարկել են Երևանում իշխանություն ձևավորելու համար, իրավիճակը հանգուցալուծելու օգտին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։
«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։