Search
Close this search box.

Ադրբեջանը հայտարարում է՝ պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի հետ

Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը, Թբիլիսիում երեկ հայտարարել է աշխատանքային այցով Վրաստան մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ «շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

«Մենք լիովին համաձայն ենք, որ խաղաղության համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, ինչը կբերի մեր բարգավաճմանը։ Վրաստանը, այս գործընթացում միշտ պահպանում է չեզոք, անաչառ դիրքորոշում։ Մենք պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ համեստորեն նպաստելով հաշտեցման գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրները, պետք է կարողանանք լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները», -ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, Ալիևն իր հերթին ավելացրել է, որ այժմ կողմերը պետք է ակտիվ աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վրա։ Անդրադառնալով միջնորդական ջանքերին, նա ընդգծել է, որ մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ակնարկել՝ բոլորը չէ, որ անկողմնակալ են։

«Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը։ Եթե դա միակողմանի ու կողմնակալ չէ, իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած օգնություն։ Սակայն, իմ կարծիքով, ամենաճիշտ ընտրությունը, հաշվի առնելով թե՛ պատմական հարաբերությունները, թե՛ աշխարհագրական գործոնը, անշուշտ կարող է լինել Վրաստանն այս հարցում։ Շնորհակալ եմ պարոն վարչապետին, որ բացահայտում է նաև այս ոլորտում հնարավոր միջնորդական հնարավորությունները։ Կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է ակնկալել Հայաստանից՝ որպես դրան պատրաստ երկրի, և եթե Հայաստանը համաձայնի, ապա մեր համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես գալ Վրաստան և՛ երկկողմ, և՛ եռակողմ հանդիպումների», – ասել է Ալիևը։

Բանակցությունների ի՞նչ ձևաչափի մասին են խոսում Ալիևն ու Ղարիբաշվիլին, նո՞ր, թե՞ «3+3»-ի, որի առաջարկն արդեն վաղուց կա, ինչպե՞ս է Երևանն արձագանքել Թբիլիսիում հանդիպման առաջարկին, առայժմ պարզ չէ։ «Ազատությունը» դիմել է Արտգործնախարարությանը, մեկնաբանություն դեռ չենք ստացել։

Անցյալ շաբաթ իսպանական Գրանադա Ալիևը չէր մեկնել, այդպիսով տապալելով հայ-ադրբեջանական բանակցությունների հնգակողմ հանդիպումը։ Ալիևի բոյկոտի պատճառներից մեկը, Բաքվի պնդմամբ, Ֆրանսիայի ոչ անաչառ միջնորդ լինելն էր, ապա Գերմանիայի ու Ֆրանսիայի անհամաձայնությունը նաև Թուրքիային ներառելը ձևաչափում որպես միջնորդ։

Մինչ վրացական ամբիոնից Ալիևն առաջարկում է հանդիպումներ անցկացնել Թբիլիսիում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախապատրաստում է բրյուսելյան եռակող հանդիպում։ Դրա շրջանակում նա շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հիշեցրել է 8 գյուղերի մասին, որոնք ըստ Բաքվի, «դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ, և կարևոր է դրանց ազատագրումը»: