Search
Close this search box.

Չինաստանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է զիջումների գնալ

Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես հորդորում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը պետք է լուծվեն երկխոսության, քննարկումների և խորհրդակցության միջոցով։ Այսօր Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։

«Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը համագործակցության միջոցով»,- նշեց նա` հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններով են հանդես եկել՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։

Վերջերս էլ Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատասխան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և կոնկրետ գործողություններ երկու պետությունների կողմից՝ լուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։

«Չինաստանը կոչ է անում երկու երկրներին շարունակել զիջումների գնալ չորս համատեղ հայտարարությունների հիման վրա և այն ջանքերի, որ գործադրվել են նախորդ ժամանակաշրջանում երկու կողմերի միջնորդությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի»,– ընդգծեց ՉԺՀ–ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` առկա վեճերն անհրաժեշտ է լուծել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և հավելեց, որ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։