Search
Close this search box.

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

ԵԱՀԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես՝ խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ինքն ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա վերահաստատել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ճանապարհ՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։

Նախագահ Օսմանին ընդգծել է, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները։ Նա առաջարկել է իր միջնորդական ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների շրջանակում։

Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը կայուն և խաղաղ լուծման հասնելու համար: