Search
Close this search box.

«Պայքարն ավարտված չէ». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

«Չի կարող մարդը ո´չ անձնական, ո´չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատդ անբարեկեցիկ է: Չի կարող մարդը առողջ կյանք վայելել, երբ հարևանդ անառողջ է: Այսինքն՝ չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններին առաջադրելու հարցին, ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրերի նկատմամբ, չենք կարող չպայքարել՝ մեր, մեր ժողովրդի և մեր երեխաների ապագայի համար: Անցած անգամներ առանց երկմտելու ես մտել եմ այդ պայքարի մեջ, բայց արդյո՞ք այսօր այդ պայքարն ավարտված է, արդյո՞ք մեր երկրում պրոցեսներն արդար են և թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է և ի նպաստ երևանցու: Արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով: Արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի էինք կանգնել 2018 թվականին, իհարկե՝ ոչ: Ուստի՝ պայքարն ավարտված չէ: Ուստի այն հարցին՝ բա քեզ պետք ա՞, միանշանակ պատասխանում եմ՝ ինձ պետք ա»,- ասաց Մարությանը՝ հավելելով. «Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»: