Search
Close this search box.

Հայկ Մարությանը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։

«Վերջին շրջանում ինձ շատ են մոտենում մարդիկ եւ հարցնում՝ մասնակցելո՞ւ եմ քաղաքապետի ընտրություններին։ Պատասխանս մեկն է՝ դեռ չեմ որոշել։ Մի կողմում ընտանիքս է, անձնական կյանքս, աշխատանքս, մյուս կողմում՝ Երեւանը եւ հասարակության հիասթափությունն առկա իրողություններից։ Ինձ ասում են՝ քեզ պե՞տք է, առոք-փառոք ապրում ես։ Այս նույնն ինձ ասում էին այն ժամանակ՝ 2008 թվականից ընդդիմության ակցիաների ժամանակ, 2018 թվականին։ Առաջին հայացքից այս խոսքերում կա տրամաբանություն, բայց միայն առաջին հայացքից․ մարդը չի կարող ունենալ անձնական բարեկեցություն, երբ շրջապատում անբարեկեցիկ է։ Չի կարող լինել անձնական երջանկություն, երբ երկիրը երջանիկ չէ։ Այսօր պայքարն ավարտվա՞ծ է, պրոցեսներն արդա՞ր են եւ թափանցի՞կ, պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին, այսօր չե՞ն սկսել գործել հին ու բարի մեթոդներով։ Մենք հասե՞լ ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի կանգնեցինք 2018 թվականին՝ իհարկե, ոչ։ Ուրեմն պատասխանս մեկն է՝ այո, ինձ պետք է։ Ինձ պետք է, որ երկիրը ծաղկի, հասարակությունը դուրս գա ապատիայից։ Եթե դա մենք չանենք, ապա անելու են մարդիկ, որոնք առաջնորդվում են միայն իրենց սեփական եւ խմբակային շահերով, ովքեր թքած ունեն մարդկանց վրա, եւ արդեն ոչ միայն փոխաբերական, այլեւ ուղիղ իմաստով։ Հետեւաբար հայտարարում եմ՝ իմ թիմի հետ մասնակցելու եմ ավագանու առաջիկա ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, լրատվամիջոցներ, օլիգարխներ, մեր միակ հարստությունը, դուք եք, երեւանցիներ։ Միակ որոշողը դուք եք։ Մենք միասին ամեն ինչ կարող ենք»,- նշեց Մարությանը։