Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր 2017 թվականի հոդվածից մի հատված:

«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենևին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու և երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաև Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձևավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել և տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլև իրենք՝ ղարաբաղցիները։

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, և թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, և այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում»,- նշված է հրապարակման մեջ:

Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում, 1995թ․