Search
Close this search box.

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ԵՄ դիվանագիտության ղեկավար

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։
«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, և հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:

«Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։
Բորելը նշել է, որ Եվրոպական միությունը, և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մասնակցել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության առաջմղմանը։
Նա ընդգծել է, որ դա պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային: