Search
Close this search box.

Ինչո՞ւ Երևանը չի փորձում ընդհանուր հայտարարի գալ Ստեփանակերտի հետ

​Արցախի խորհրդարանը պահանջել է հայաստանցիներից անհապաղ դադարեցնել Վաշինգտոնում այս շաբաթ մեկնարկած բանակցությունները ադրբեջանցիների հետ։ Պատճառը հաստատ գիտեք՝ Մարտունու և Մարտակերտի դիրքերի գնդակոծության հետևանքով զոհվել է 4 զինծառայող։

Իհարկե, կարող եք ասել, որ նախկինում էլ՝ դեռ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող հանդիպումներից առաջ կամ հենց բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ուժ էր ցուցադրում, դիմելով տարատեսակ սադրանքների։ Այնպես որ առաջին հայացքից կարծես թե ոչ մի նոր բան չկա։ Եվ այնուամենայնիվ համաձայնեք` կատարվածը աննախադեպ է՝ համենայնդեպս ես չեմ հիշում, որ Ստեփանակերտը երբևէ պահանջի Երևանից անհապաղ դադարեցնել բանակցությունները։

​Ահա այսպիսի վիճակի հասանք ընդամենը մի քանի տարում։ Թույլ տվեք մի մեջբերում անել։ «Եթե հրաժարվում ես եղածից, փոխարենը անպայման ավելի լավը պիտի ստեղծես։ Եթե չես ստեղծում, պարզ չէ, թե ինչու ես հրաժարվել եղածից»։ Այսպես էր ասում Գուրգեն Մահարու տղան՝ Գրիգորի Գուրգենիչը, որի հետ տարիներ առաջ բախտ եմ ունեցել աշխատելու մեր պառլամենտում։ Իսկապես շարունակ մեղադրում ենք «նախկիններին», որոնք Լեռնային Ղարաբաղը դուրս թողեցին բանակցություններից։ Իմ կարծիքով` արդարացիորեն ենք մեղադրում։ Բայց ի՞նչ ստացանք դրա փոխարեն՝ Ստեփանակերտը այլևս չի թաքցնում դժգոհությունը Երևանից և կտրուկ պահանջներ է ներկայացնում։ Սա՞ էինք ուզում։

​Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումը հայտնի է՝ դուք` արցախցիներդ, բանակցեք ադրբեջանցիների հետ, մենք ամեն ինչով կաջակցենք։ Ինչո՞վ։ Մինչև պատերազմը հայտնի է՝ ինչով էինք աջակցում։ Հիմա բոլորովին պարզ չէ։ Կարգավիճակի պահանջը փոխարինել ենք «իրավունքների և անվտանգության ապահովման» շատ գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպումով, որի տակ ինչ ասես կարելի է հասկանալ, սակայն բոլորը հրաշալի գիտակցում են՝ նույնիսկ եթե Բաքուն ինչ-որ թուղթ ստորագրի`պարտավորվելով ապահովել արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը, մի՞թե հայկական դիրքերի վերջին գնդակոծումը լավագույն ապացույցը չէ, որ այդ թուղթը Ադրբեջանի ղեկավարության համար մի կոպեկ էլ չարժի։​

Այնուամենայնիվ երևի չեք առարկի, որ վաշինգտոնյան բանակցությունների ցուցադրական դադարեցումը լավագույն ելքը չէ, քանզի ինքներս ենք տեսել, թե որքան ճշմարտացի է հայտնի պնդումը՝ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Չէ՞ որ 2020 թվականի պատերազմը հասունացավ հենց այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք, թե զրոյից ենք սկսում բանակցությունները և Հայաստանի մաս հռչակեցինք Արցախը` փաստորեն իմաստազրկելով միջնորդների ջանքերը։ Գոնե սեփական ոչ հեռու անցյալը հիշենք։
​Գաղտնիք չէ, որ ներկա պայմաններում քչերն են հավատում բանակցությունների` մեզ համար բարենպաստ ելքին։ Եվ այդ հոռետեսությունը բացատրություն ունի։

Նախ` բոլորս հիշում ենք, որ Մինսկի խմբի միջնորդությամբ տասնամյակներ տևած բանակցությունները ոչ միայն արդյունք չտվեցին, այլև փաստորեն ավարտվեցին մեզ համար աղետալի հետևանքներ ունեցող պատերազմով։ Եվ երկրորդ՝ առաջ հաղթողի դերում էինք, հիմա՝ պարտվածի։
​Սակայն պատմությունն ապացուցել է, որ բանակցությունների հետ կապված նույնիսկ խիստ հոռետեսական կանխատեսումները ոչ միշտ են հիմնավորված։

Հիշեցնեմ երևի թե ամենահայտնի օրինակը։ Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականին, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն, որն ընդհանրապես չէր հավատում Ամերիկայի հետ բանակցությունների հավանականությանը, կեսկատակ ասել էր. «ԱՄՆ-ը մեզ հետ բանակցությունների կգնա միայն այն ժամանակ, եթե իրենք սևամորթ նախագահ ունենան, Հռոմի պապն էլ Լատինական Ամերիկայից լինի»։ Դե ինչ, փաստորեն ճիշտ են նրանք, ովքեր խորհուրդ են տալիս՝ երբեք մի ասա «երբեք»։​

Եվ այնուամենայնիվ ցավալի է, որ հասանք այս վիճակին, որը շատ դժվար կլիներ պատկերացնել մի քանի տարի առաջ՝ Հայաստանը Վաշինգտոնում բանակցում է, Արցախի խորհրդարանը պահանջում է անհապաղ դադարեցնել բանակցությունները, Հայաստանի պառլամենտի խոսնակն էլ արձագանքում է. «Որն է բանակցությունները դադարեցնելու այլընտրանքը։ Հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մտածել հետևանքների մասին»։
​Բա լավ, հնարավոր չէ՞ համաձայնեցնել դիրքորոշումները։ Թե՞ Ադրբեջանի հետ կարող ենք բանակցել, իսկ Արցախի հետ շփվելն արդեն չի ստացվում։ Շարունակենք խոսել համազգային համախմբման ու միասնականության մասին։