Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրը։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- ասաց նա։

Այսօր ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ասել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։