Search
Close this search box.

Շուշիում թուրքական հյուպատոսության բացման հարցը Զախարովան զգայուն է համարել Երևանի համար

Ռուսաստանը հասկանում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Հայաստանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ ավելի վաղ Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Զախարովայի խոսքով ՝ ցանկացած վայրում, մասնավորապես Շուշիում, հյուպատոսության բացման հարցը շարունակում է մնալ երկկողմ կապերի թեմա։ Տվյալ դեպքում ՝ Բաքվի և Անկարայի միջև։

«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում։