Search
Close this search box.

Ի՞նչ հարց է լուծում Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ հարց է լուծում Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, եւ առավել եւս իշխանություն ունեցող գործիչ՝ նա լուծում է իր քաղաքական դիրքի եւ իշխանության պահպանմանն առնչվող հարցեր: Սա քաղաքականության «աքսիոման» է:

Միաժամանակ, նա իհարկե պարբերական ելույթներով ապահովում է հասարակական-քաղաքական «թամաշա», հմտորեն տիրապետելով Հայաստանի ավելի քան երեսնամյա հասարակական-քաղաքական օրգանիզմի կարողություններին ու «արժանիքներին»: Իսկ այդ օրգանիզմը պետք է ինչ որ բանով զբաղվի, «սրտի կանգը» լրջագույն խնդիր է:

Կա՞ ուժ, որ ի վիճակի է այդ օրգանիզմը զբաղեցնել այլ բանով, գործնականում, այդ ուժն էլ կձեւավորի իշխանության իրական մրցակցություն: Այլապես, բոլորը կզբաղվեն այն օրակարգով, որը կթելադրի Փաշինյանը:

Որովհետեւ, ի վերջո, Փաշինյանն էլ 2018-ին ավանսով իր վրա վերցրեց պատասխանատվությունը՝ հնարավոր հետեւանքից խուսափելու կամ հենց այն հետեւանքի, որ մինչ այդ եղած բոլորի փաստացի անպատասխանատու անձնապաստանությամբ կամ խմբապաստանությամբ զբաղվելու պատճառով սրությամբ կախվել էր Հայաստանի գլխին:

Նա արե՞լ է առավելագույնը՝ հետեւանքից խուսափելու համար: Հայաստանում շատերը կան, որ ունեն այդ հարցի ակնթարթային պատասխանը: Ես չունեմ, եւ թերեւս չեմ էլ ունենա, որովհետեւ թերեւս երբեք չեմ ունենա այդ հարցի ստույգ պատասխանն ունենալու համար անհրաժեշտ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը:

Դա նշանակու՞մ է, որ նա կարող է եւ չի արել սխալ: Իհարկե ոչ: Նա արել է բազմաթիվ սխալներ: Ավելին, երբ մի ամբողջ հանրություն 2018-ից հետո ապրում էր «թավիշ-չթավիշ» օրակարգով, ինքս պարբերաբար բարձրաձայնել եմ, որ մենք ունենք մի գլխավոր խնդիր՝ Արցախի հարցում հեռացնել պատերազմի վտանգը եււ բացել մեզ համար դիվանագիտական ներուժը բարձրացնելու ժամանակային տարածություն, ինչի համար մեզ պետք են այլ օրակարգեր: Ավելին, պատերազմի բռնկումից երկու օր առաջ է լույս տեսել հոդվածս, որտեղ խոսել եմ այն մասին, որ արտաքին միջավայրն ու մարտահրավերները կարծես թե բարդ են ու դրանք չեզոքացնելու համար հարկ եղած դեպքում իշխանությունը պետք է պատրաստ լինի գնալ ընդհուպ արտահերթ ընտրության:

Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծել ու չեմ կարծում, թե առավել եւս այդօրինակ աշխարհաքաղաքական բարդագույն հանգույցներին առնչվելիս որեւէ իշխանություն կարող է զերծ մնալ սխալից: Բայց հարցը նույնիսկ այն է, թե արդյո՞ք սխալների բացակայությունն ինքնին նշանակելու էր պատերազմի բացակայությունը, եթե պատերազմի որոշում կայացնողները, հետեւաբար մոտիվները՝ բոլորովին այլ դաշտերում էին, ու այդ դաշտերը «ոռոգվել» էին շատ երկար ժամանակ:

Այս տողերը կարդացողների մի մասը հիմա գալու է մի եզրակացության, որ սա Փաշինյանի արդարացում է: Մեր հանրությանը քաղաքական վերնախավերը «վարժեցրել» են այդպիսի ընթերցանության՝ եթե չկա կոնկրետ իրենց առաջնորդի պաշտամունք, ուրեմն կա ինչ որ «ոլոր-մոլոր» պատվեր-մատվեր: Ի դեպ դրա համար է նաեւ, որ Հայաստանում որպես կանոն կայացել ու կայանում են ոչ թե քաղաքական ուժեր, այլ քաղաքական աղանդներ, որոնց հետեւորդների մտածողության ու հանդուրժողության սահմանը մինչ այնտեղ է, երբ կասկածի տակ է դրվում սեփական առաջնորդի որեւէ միտք:

Մինչդեռ, ինչպե՞ս է հնարավոր արդարացնել պարտված պատերազմի գլխավոր հրամանատարին, որքան էլ նրա վրա մնացած լինի վատ ժառանգություն: Թող չգար ու չվերցներ, Արցախի հարցն ասեղ չէր, որ հանկարծ հայտնաբերվեց Սերժ Սարգսյանի աթոռի տակից: Բայց խնդիրն այն է, որ մենք հայտնվել ենք արդարացնելու եւ մեղադրրելու մի «դիլեմայի» ազդեցության տակ, համատարած ազդեցության, ու ըստ էության զբաղված չենք ոչնչով՝ արդարացնում ու մեղադրում ենք, ընդ որում նույնիսկ երկուսը մեկում՝ մեկին մեղադրելով մյուսին արդարացնում, եւ հակառակը:

Ու սա է մեր հասարակական-քաղաքական «թամաշան»: Իսկ դա ուղղակի փակ շրջան է, որով մենք պտտվում ենք՝ պատերազմից հետո արդեն չգիտեմ որերորդ պտույտով:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից․