Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հացադուլի պայմաններում զոհվածի մոր կյանքին վտանգ է սպառնում. փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պաշտոնապես հայտարարեց հացադուլի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ զոհվածի մայրը հացադուլի մեջ, փաստացի, գտնվում է դեռեւս երեկ՝ 15:00-ից:

«Նա նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ եւ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ այս պահին պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. «Քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ձերբակալման որոշման հիմքերը ոչ իրավաչափ են եւ ծիծաղելի. «Ձերբակալման հիմքը՝ փախուստն է, եւ երկրորդ ծիծաղելի հիմքն այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առեվանգել Աշոտ Փաշինյանին»:

Նա ասաց, որ առերեսում անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռեւս երեկ՝ 23:00-ի սահմաններում. «Աշոտ Փաշինյանը որպես տուժող իրավունք չունի հրաժարվել առերեսումից: Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։